AM
4 Փետրվար 2026 - 07:02 AMT

Վոնտոբել․ Շվեյցարիայի կառավարության համար Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ

Շվեյցարիայի Ազգային ժողովի անդամ Էրիխ Վոնտոբելը, որը նաև Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված խաղաղության նախաձեռնության իմնադիրն է, հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարության տեսանկյունից ԼՂ հարցը փակված չէ, հայտնում է «Փաստինֆոն»։

Նրա խոսքով՝ ինքն այս նախաձեռնության հիման վրա ստեղծված հանձնաժողովի համանախագահն է, որը ներառում է 19 պատգամավորների տարբեր քաղաքական ուժերից։

«Մեզ համար ամենակարևոր նկատառումն այն է, որ Շվեյցարիայի կառավարության տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Մենք ձգտում ենք պահել այն միջազգային օրակարգում և առաջարկել լուծում, որը թույլ կտա ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը»,- ընդգծել է նա Հայաստանում ունեցած ելույթի ընթացքում։

Նա հիշեցրել է, որ 2024 թվականին այցելել է Երևան և հանդիպել Արցախի բռնի տեղահանված ներկայացուցիչների հետ՝ նրանցից փորձելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել 2023 թվականին, ինչ ակնկալիքներ ունեն այժմ և ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը։

«Նրանց հստակ առաջարկը կլոր սեղանի ձևաչափով երկխոսությունն էր Ադրբեջանի և Արցախի միջև՝ միջազգային ուշադրության կենտրոնում»,- ասել է նա։

Վոնտոբելը նշել է, որ այդ հանդիպումից հետո խոստացել է Շվեյցարիա վերադառնալուց հետո քայլեր ձեռնարկել, ինչի արդյունքում 2024-ի հոկտեմբերին Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարություն է ներկայացրել խնդրագիր՝ «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար՝ նպաստելով հայերի վերադարձին» վերնագրով։

Այդ նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը և հետագայում վերածվել պաշտոնական որոշումների։

Վոնտոբելը նշել է, որ 2024 թվականի դեկտեմբերին նախաձեռնությունն անցել է Շվեյցարիայի Ազգային խորհրդով, իսկ 2025 թվականի մարտին հաստատվել է նաև մարզերի խորհրդում։

«Արդյունքն այն է, որ Դաշնային խորհուրդը ստացել է մանդատ՝ իրագործելուայս նախաձեռնությունը»,- ասել է նա։

2025 թվականի մայիսին ձևավորվել է հանձնաժողով՝ ներառելով 19 կուսակցությունների ներկայացուցիչների և կրելով «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար» անվանումը։ Նրա առաքելությունն է աջակցել պետական իշխանությանը՝ նպաստելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Ըստ Վոնտոբելի՝ հանձնաժողովը սկսել է ակտիվ շփումներ հաստատել աշխարհի տարբեր քաղաքներում՝ կազմակերպելով հանդիպումներ Վաշինգտոնում, Լոնդոնում, Բեռլինում և Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակում։

«Այս բոլոր գործողությունների նպատակը մեկն է՝ կրկին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային ուշադրության կենտրոն»,- ասել է նա։

Խորհրդարանականը ընդգծել է, որ թեև Հայաստանում հաճախ տարածվում է կարծիքը, թե այս հարցը վերջնականապես փակված է, սակայն իրենց մոտեցումն այլ է։

«Քանի դեռ տեղահանված մարդիկ չեն վերադարձել իրենց տները, հարցը փակված չէ և չպետք է փակված լինի։ Տեղահանվածների վերադարձը կայուն խաղաղության անքակտելի մասն է»,- ընդգծել է նա։

Վոնտոբելը նաև նշել է, որ այցի ընթացքում այցելել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ունեցել են բովանդակալից ու հուզիչ հանդիպում։

«Նա մեզ ասաց՝ շարունակեք։ Եվ ես այսօր այստեղ խոստանում եմ՝ մենք կփորձենք անել այն ամենը, ինչ կարող ենք։ Գործը փակված չէ»,- եզրափակել է շվեյցարացի խորհրդարանականը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։