AM
4 Փետրվար 2026 - 12:37 AMT

Առաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոն

Առաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոն: Նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացրել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Ըստ նրա, ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է ԱՐՄԵԴ ծրագրային համակարգում, եւ արդյունքում կունենանք մեկ միասնական տեղեկատվական համակարգ:

Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա: Եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, ապա այս դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր:

«Ծառայությունների մատուցման համար կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով»,- ասել է Վարդանյանը:

Բացի այդ, նախատեսվում է, որ ՀԴՄ կտրոնում և հարկային հաշվարկում պետք է տպվի նաև յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգից գեներացված անհատականացված նույնականացման ծածկագիր։

«Ծածկագիրը ցույց է տալու՝ քաղաքացին որ ծառայություններից է օգտվել և որքան է վճարել ծառայության համար: Սա նաև վերահսկողական գործիք է»,- ընդգծել է զեկուցող պատգամավորը։

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։

Պարտադիր ապահովագրության փաթեթը տարեկան կազմում է 129, 600 դրամ և ներառում է կանխարգելիչ ու վաղ հայտնաբերման ծրագրեր, սքրինինգային, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար պետությունը հոգում է մեծ մասը, և նրանք ամսական վճարում են ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների զգալի հատվածը վերաուղղվում է ապահովագրական համակարգին։