AM
5 Փետրվար 2026 - 06:25 AMT

Էրդողանը ողջունել է խաղաղության ուղղությամբ «Ալիևի քայլերն ու Փաշինյանի կամքը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձով շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը ստանալու առթիվ։

«Չափազանց կարևոր եմ համարում ինչպես եղբորս՝ Իլհամ Ալիևի կողմից երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցաբերված վճռական կամքը»,-ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Նա հույս է հայտնել, որ Կովկասի համար նոր էջ կբացվի:

«Ես հավատում եմ, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելով, որի նպատակներն ու ձևաչափը համաձայնեցված են երկու կողմերի միջև, Կովկասի համար նոր էջ կբացվի։ Թուրքիան անկեղծորեն աջակցում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգությանը, խաղաղությանը, բարգավաճմանը և կայունությանը ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- ասել է նա։

Փետրվարի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը: Փաշինյանն ընդգծել է, որ մրցանակը վերաբերում է ոչ միայն պետական առաջնորդներին, այլև երկու ժողովուրդներին, որոնք, ըստ նրա, կիսում են խաղաղության հաստատման այս գործընթացը։