Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը շարունակել է վատթարանալ։
Զեկույցում նշվում է, որ իր հայտարարած պարտավորություններին հակառակ՝ Ադրբեջանը որևէ իմաստալից քայլ չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն ապահովելու կամ նրանց սեփականության իրավունքը վերականգնելու համար, հայտնում է Factor.am-ը:
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև օգոստոսին Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ստորագրված ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնի հռչակագրին, որը սահմանեց խաղաղության լայն քաղաքական շրջանակ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտության դադարեցմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը։
Նշվում է, որ hամաձայնագիրը Միացյալ Նահանգներին բացառիկ իրավունք է տալիս զարգացնելու 42 կիլոմետրանոց առևտրային երթուղի Հայաստանի տարածքով, որը կկապի նաև Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ։ Համաձայնագիրը նաև հանգեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-Ռուսաստան-Ֆրանսիա գլխավորած հակամարտության կարգավորման ձևաչափի լուծարմանը։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են ճնշումներն անկախ լրագրողների, քաղաքական ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ՝ նպատակ ունենալով լռեցնել քննադատական ձայները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների։
Զեկույցում արձանագրվել է, որ իշխանությունների թիրախում հայտնվել են ոչ միայն երկրում գործող անկախ լրատվամիջոցները, այլև արտերկրում բնակվող լրագրողներն ու բլոգերները։ Նրանցից մի քանիսին մեղադրանքներ են ներկայացվել ծանր քրեական գործերով, իսկ մյուսներն անգերազանց դատավարությամբ հեռակա կարգով դատապարտվել են երկարատև ազատազրկման։
Կազմակերպությունը ընդգծել է, որ այս գործընթացները խստորեն սահմանափակել են քաղաքացիական հասարակության գործելու հնարավորությունները։ Զեկույցում նշվել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները նախորդ տարի կասեցրել են ՄԱԿ-ին առընթեր մի շարք միջազգային կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև չեղարկել են միջազգային լրատվամիջոցների հավատարմագրումը։ Թեև պաշտոնական Բաքուն այդ քայլերը հիմնավորել է երկրի միջազգային ներգրավվածությամբ, HRW-ը պնդում է, որ դրանք նվազեցրել են թափանցիկության և հանրային հաշվետվողականության հնարավորությունները։
Փաստաթղթում անդրադարձ կա նաև այն փաստին, որ անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումները դարձել են համակարգված՝ հատկապես 2023 թվականի վերջից սկսած։ MeydanTV-ի, AbzasMedia-ի և ToplumTV-ի լրագրողներից մի քանիսը ձերբակալվել են՝ մեղադրվելով տնտեսական բնույթի հանցագործություններում։ Որոշները դատապարտվել են երկարատև ազատազրկման, իսկ մյուսների նկատմամբ քննչական գործողություններն ընթացքի մեջ են։ Միևնույն ժամանակ, որոշ միջազգային լրատվամիջոցների գործունեությունը կասեցվել է, իսկ մեկ տեղական լրատվական կազմակերպություն փակվել է՝ պատճառաբանելով ֆինանսական ճգնաժամը։
HRW զեկույցում արձանագրվել է, որ քաղաքական ակտիվիստները, մարդու իրավունքների պաշտպանները և գիտնականները ևս ենթարկվել են քրեական հետապնդումների։ Ընդդիմադիր գործիչներն ու հասարակական հեղինակությունները դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ տարբեր մեղադրանքներով, որոնց մեծ մասում խախտվել է արդար դատաքննության սկզբունքը։
Զեկույցում շեշտադրվել է նաև, որ խաղաղ հանրահավաքների համար թույլտվություն չտրամադրելը և դրանց մասնակիցների ձերբակալությունները դարձել են սովորական երևույթ։ Որոշ դեպքերում ոստիկանությունը բռնի ուժով վերցրել է ցուցարարների անձնական իրերն ու էլեկտրոնային սարքերը։
Human Rights Watch-ը նշել է, որ խոշտանգումների և բռնի վերաբերմունքի մասին բազմաթիվ հայտարարություններ մնում են առանց պատշաճ քննության։ Որոշ լրագրողներ և ակտիվիստներ հայտնել են, որ ենթարկվել են ոստիկանական բռնության, սակայն այդ գործերը չեն հետաքննվել արդյունավետ և անկախ ձևով։
Նշվել է նաև, որ նախորդ տարի ընդունված օրենսդրական փոփոխությունները լրացուցիչ սահմանափակումներ են մտցրել ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման ոլորտում։ Ըստ HRW-ի՝ այս քայլերը մեծացրել են վերահսկողությունը իշխանության քննադատների նկատմամբ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։





