Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը։
«ԵԱՏՄ–ն Հայաստանի համար ամենակարևոր տնտեսական գործընկերն է, և մոտ ապագայում այդպիսին էլ կմնա», – ընդգծել է նա, գրում է «Վեդոմոստին»:
Ռուսաստանի կառավարության փոխնախագահը նշել է, որ Հայաստանը ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ-ի այլ անդամների հետ, օրինակ՝ Ղազախստանի, որից Երևանը սկսել է հացահատիկ գնել։
Անդրադառնալով ԵՄ հետ մերձենալու ՀՀ ձգտմանը՝ Օվերչուկը նշել է, որ կողմերն այժմ քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման և ԵՄ ստանդարտների ներդրման հարցերը։
Մոսկվան, նշել է նա, ուշադիր հետևում է ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի հետ կապված հարցերին, քանի որ դրանք կարևոր են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի պահպանման համար։
«Ընդհանուր առմամբ, այն ստանդարտները, որոնք այսօր ներդրվում են, հակասության մեջ չեն մտնում Եվրասիական տնտեսական միության մեր պահանջների հետ։ Եթե նման դեպքեր լինում են, մենք շատ բաց զրույց ենք ունենում մեր հայ դաշնակիցների հետ։ Նրանք շատ ուշադիր և լրջորեն են վերաբերվում նման մտահոգություններին և համապատասխան կերպով արձագանքում են։ Քանի որ, եթե նման հակասություններ սկսեն առաջանալ, մենք ստիպված կլինենք համապատասխան ձևով պաշտպանել մեր շուկան», – պարզաբանել է Օվերչուկը։
Նա հավելել է, որ ԵՄ բովանդակությունը փոխվում է մեր աչքի առաջ:
«Պատրա՞ստ է ՀՀ-ն միանալ ռազմաքաղաքական մի դաշինքի, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված ՌԴ հանդեպ: Հավանաբար, հայերը նաև այդ հարցը պետք է տան իրենց»,-ասել է նա:
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։





