AM
5 Փետրվար 2026 - 08:50 AMT

ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ ներկայացված գանգատների թիվն աճել է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ, 2025 թվականի տարեկան զեկույցի համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննության ենթակա գանգատների ընդհանուր քանակը կրճատվել է 11%-ով՝ 2025 թվականի հունվարի 1-ի մոտ 60 350-ից նվազելով մինչև շուրջ 53 450՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Դատական ատյանին ուղարկված նոր դիմումների թիվը, սակայն, ավելացել է 10%-ով՝ 2024 թվականի 28 800-ից 2025-ին հասնելով 31 800-ի։

Հայաստանի դեմ քննության ենթակա գանգատների թիվը 2025 թվականի ավարտին կազմել է 941։ ՄԻԵԴ-ին ՀՀ-ի դեմ ներկայացված նոր դիմումների թիվը 2025-ին հասել է 189-ի՝ 2024-ի 180-ի և 2023-ի 147-ի համեմատությամբ, հայտնում է «Առավոտը»:

2025 թվականին ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Հայաստանի դեմ ներկայացված 23 գործով։ Դրանցից 22-ում ճանաչվել է առնվազն մեկ խախտում։ Բացի այդ, 12 գանգատի դեպքում արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում։

Զեկույցի տվյալներով՝ ամենաշատ չքննված գանգատներով առաջատարն Թուրքիան է՝ 8464 դիմումով կամ ընդհանուրի 34.5%-ով։ Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 7177 դիմում (13.4%), այնուհետև՝ Ուկրաինան՝ 4 004 (7.5%), Լեհաստանը՝ 3517 (6.6%), Իտալիան՝ 2787 (5.2%), Հունաստանը՝ 2562 (4.8%), Ռումինիան՝ 2489 (4.7%) և Ադրբեջանը՝ 2180 (4.1%)։

ՄԻԵԴ-ի վճիռների վիճակագրությամբ՝ որտեղ արձանագրվել է առնվազն մեկ խախտում, առաջատարներն են Ուկրաինան՝ 160 վճռից 60-ով, Ռուսաստանը՝ 156-ից 153-ով, Թուրքիան՝ 74-ից 66-ով, Իտալիան՝ 65-ից 62-ով, Մոլդովան՝ 48-ից 45-ով և Ադրբեջանը՝ 48-ից 43-ով։

Զեկույցում նշվում է նաև, որ միջպետական 15 գործերից 12-ը առնչվում են հակամարտություններին։ Դրանք դեռ գտնվում են քննության փուլում։ Այս գործերից 4-ը ներկայացրել է Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի, 1-ը՝ Նիդերլանդները ընդդեմ Ռուսաստանի, 4-ը՝ Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի, 1-ը՝ Հայաստանը ընդդեմ Թուրքիայի, և 2-ը՝ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի։