AM
5 Փետրվար 2026 - 10:38 AMT

AP. Վենսը ՀՀ կայցելի Ձմեռային օլիմպիադայի բացումից հետո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգլխավորի նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը Միլանում, որից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ որպես աջակցություն Սպիտակ տան կողմից միջնորդված խաղաղության համաձայնագրին, գրում է AP-ն։

Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը նրան կուղեկցեն կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան:

«Խաղաղության համաձայնագիրն ամրապնդում է ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում այն ժամանակ, երբ Ռուսաստանի ազդեցությունը նվազում է: Նախկին խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, համաձայնության են եկել բացել առանցքային տրանսպորտային ուղիները և ընդլայնել գործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ էներգետիկայի, տեխնոլոգիաների ու տնտեսության բնագավառներում:

Համաձայնագիրը նաև նախատեսում է խոշոր տարանցիկ միջանցքի ստեղծում, որը կոչվում է «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այն միացնելու է Ադրբեջանը նրա ինքնավար միավոր Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով՝ 32 կիլոմետր լայնությամբ հատվածով»,-ասվում է հոդվածում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։