Սպայական կազմի զինծառայողները կկարողանան բնակարան, բնակելի տուն ձեռք բերել ամբողջությամբ պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա՝ սեփականության իրավունքով: Վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսները ամբողջությամ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին ՊՆ-ի կողմից: Այդ մասին կառավարության նիստում ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Նա ներկայացրել է «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը, հայտնում է 1lurer.am-ը:
Նախատեսվում է տրամադրել հավաստագրեր այն քաղաքացիներին, ովքեր ընդունվում են ռազմաուսումնական հաստատություններ, ավարտում դրանք և նշանակվում ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների։
«Այն քաղաքացիները, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանպահ զորքերում ծառայության, մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով նրանք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունն առաջնային կամ երկրորդային շուկայից: Սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցնի վերոնշյալ մարմիններում»,-ասել է նա:
Հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը սահմանվելու է՝ ելնելով Երևանում 80 քմ մակերեսով անշարժ գույքի արժեքից։ Ներկայումս այդ արժեքը կազմում է 35 մլն դրամ։ Սակայն բնակարան կարող է ձեռք բերվել ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։
Ըստ փոխնախարարի՝ ծրագիրն արդեն գործող էր, սակայն այս տարբերակում մշակվել են նոր պայմաններ, որոնք ավելի ճկուն և շահավետ են դարձնում գործընթացը։ Մասնավորապես՝ փոխվել է նախկին մեխանիզմը, որով ՊՆ-ն մրցույթ էր հայտարարում կառուցապատողների մասնակցությամբ։
Այժմ զինծառայողն ինքը կարող է ընտրել և գնել իրեն հարմար բնակարանը կամ տունը՝ պետության աջակցությամբ։
Փոփոխվել է նաև նախկին սահմանափակումը, ըստ որի անշարժ գույքը պետք է գնվեր միայն Երևանում։ Նոր կարգավորմամբ պետությունն ուղղակիորեն տրամադրում է 35 մլն դրամ, և զինծառայողը կարող է իր ընտրությամբ գույք ձեռք բերել ցանկացած վայրում՝ ըստ ցանկալի գնի և տարածքի։





