ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ կիկին անդրադարձել է մի շարք միջազգային հակամարտությունների կարգավորման գործում ունեցած իր ներդրմանը։
Թրամփը նշել է, որ թեև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իսկապես լավ առաջնորդներ են, նրանք երկար ժամանակ հակամարտել են միմյանց դեմ, սակայն ԱՄՆ-ին հաջողվել է արագ կարգավորել այդ հակամարտությունը, հայտնում է 1lurer.am-ը:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումից հետո ՌԴ նախագահ Պուտինը զանգահարել է իրեն և զարմանք հայտնել, որ իրեն դա հաջողվել է անել այդքան կարճ ժամանակամիջոցում:
«Մեկ տարում ես դադարեցրել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջան ու Թաիլանդը, Կոսովոն ու Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։





