Ամերիկյան Catholic Vote-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցին՝ ընդգծելով Բաքվում պահվող հայ քրիստոնյա գերիների խնդրի հրատապությունը։ Պարբերականը զրույցել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ:
«Այցին ընդառաջ, բանտարկված հայ քրիստոնյայի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող բանտարկյալներին ազատ արձակելու համար»,-ասվում է հոդվածում, հայտնում է Panorama.am-ը:
Վարդանյանն ասել է, որ իր հայրը տեղափոխվել է տարածաշրջան 2020 թվականի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո տեղի քրիստոնյա բնակչությանն աջակցելու համար, որը «լքված էր աշխարհի կողմից»։
«Նա որոշեց հրաժարվել իր ամբողջ կյանքից և վտանգել ամեն ինչ։Նա փորձեց պաշտպանել նրանց՝ ապրել նրանց հետ ամենադժվար պահին։ Եվ նա վճարում է հալածվող փոքր բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու իր փորձի համար»,-ասել է Վարդանյանը:
«Վարդանյանը հոր դեմ առաջադրված մոտ 40 մեղադրանքը, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորումն ու սահմանի ապօրինի հատումը, որակել է շինծու և ասել, որ դատավարությունը չի ապահովում իրավական նույնիսկ տարրական երաշխիքներ։ Նրա խոսքով, Ադրբեջանը դատում է Ռուբեն Վարդանյանին ռազմական տրիբունալում, ինչը միջազգային նորմերի խախտում է, քանի որ նա ռազմական պաշտոն երբեք չի զբաղեցրել։ Նա, ըստ էության, քաղաքական շոուի մասնակից է դարձել», – ասել է Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով, անկախ լրագրողներին և դիտորդներին արգելվում է մասնակցել դատավարություններին, ընտանիքի հետ շփումն էլ խիստ սահմանափակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին երկրից վտարելուց հետո։ Ընտանիքի միակ կապն այժմ կարճ, խիստ վերահսկվող հեռախոսազանգերի միջոցով է։ Ավելին, նրա հայրը պահվել է մենախցում և ենթարկվել բռնության։
Նշվում է, որ Ադրբեջանը չի հրապարակել կալանավորվածների ամբողջական ցուցակը։
«Ըստ Վարդանյանի, 4 հոգու ազատելուց հետո այս պահին կա հաստատված 19 կալանավոր, թեև ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել, ինչը պայմանավորված է անհայտ կորած ռազմագերիներով։ Ինչպես նախկինում հաղորդել էր Zeale News-ը, ռազմական հարձակումներից հետո մոտ 80 անձ դեռ մնում է անհետ կորած։
Վարդանյանը նշել է, որ դատավարությունները վկայում են Ադրբեջանի այն համակարգի մասին, որը շուրջ չորս տասնամյակ ղեկավարում է Ալիևների ընտանիքը և որտեղ բացակայում են անկախ դատարանները և ազատ մամուլը»,-ասվում է հոդվածում:
Անդրադարձ կա նաև քրիստոնյաների հետապնդումներին Ադրբեջանում:
Վարդանյանի խոսքով, կալանավորված հայերը սահմանափակված են իրենց քրիստոնեական հավատքը դրսևորելու հարցում։ Նրա հոր կալանքի առաջին շաբաթվա ընթացքում արգելվել է նրան ուղարկել Աստվածաշունչ և քրիստոնեական մեկ այլ հայերեն գիրք, թեև թույլատրվել է մի քանի այլ գիրք։
«Բայց ամենասարսափելին այլ բանտարկյալներից մեզ հասել են տեղեկություններ, որ խաչի կամ որևէ այլ տեսակի «նշաններով» դաջվածքներ ունեցողների մարմնի այդ հատվածները այրել են», – հավելել է Վարդանյանը:
Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի լքված տարածքներում հայկական եկեղեցիների և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման բազմաթիվ վկայություններին՝ արձանագրելով, որ խոսքը համակարգված և կանխամտածված քաղաքականության մասին է։
«Դուք չեք կարող քրիստոնյա պատանդներ պահել բանտախցերում և ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղությանը», – ասել է նա։
Դավիթ Վարդանյանը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին և ԱՄՆ-ին՝ քրիստոնյաների պաշտպանությանն առաջնահերթություն տալու համար՝ հիշեցնելով, որ Թրամփը նախկինում արդեն անդրադարձել է հայ գերիների հարցին։
OC Media-ի տվյալներով, 2025-ի օգոստոսին Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է իր պատրաստակամությունը միջամտել այս հարցում՝ ակնկալելով Բաքվի համագործակցությունը։
«Սա եզակի հնարավորություն է կրկին աշխարհին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահն իրենց խոսքի տերն են: Քրիստոնյաների պաշտպանությունն այս վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում»,-ասել է Վարդանյանը:
Նրա համոզմամբ՝ փոխնախագահ Վենսը, որը մի շարք ելույթներում խոսել է քրիստոնյաների համաշխարհային հալածանքների մասին, կարող է անմիջական ներգործություն ունենալ գերիների ազատ արձակման հարցում՝ տարածաշրջանային առաջնորդների հետ շփումների միջոցով։
«Սա փոքր ջանքով մեծ արդյունքի հասնելու հնարավորություն էԿարծում եմ, որ փոխնախագահի աջակցությամբ նրանց կարելի է վերադարձնել տուն»,-ասել է Վարդանյանը:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Վարդանյանի գործն առանձին է քննվում:





