AM
10 Փետրվար 2026 - 07:24 AMT

Մելոյան. Վենսը խոսել է $9 մլրդ դոլարի տնտեսական գործունեության մասին ԱՄՆ-ում, ոչ թե ՀՀ-ում ներդրումների

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևանում արված հայտարարություններին, գրել է, որ վերջինս խոսել է «9 միլիարդ դոլարի տնտեսական գործունեության մասին, որը իրականացվելու է ԱՄՆ-ում, այլ ոչ թե Հայաստանում կատարվելիք ներդրման մասին»։

«Ցանկացած նորմալ հայ մարդու համար 9 միլիարդ դոլարի ներդրման մասին լուրը հիանալի նորություն է, կարելի է ասել՝ երազանք։

Սակայն, կարդալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը՝ ակնհայտ է դառնում, որ հարգարժան փոխնախագահը որևէ խոսք չի ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին։

Պարոն Վենսը նշել է, որ հարթվում է ճանապարհ ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու նպատակով, ինչը ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում ԱՄՆ-ից, ինչպես նաև 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ պայմանագրերի միջոցով։

Այսինքն՝ ԱՄՆ փոխնախագահը խոսել է 9 միլիարդ դոլարի տնտեսական գործունեության մասին, որը իրականացվելու է ԱՄՆ-ում, այլ ոչ թե Հայաստանում կատարվելիք ներդրման մասին։

Ավելին, որևէ հստակեցում չկա այն մասին, թե ով և ինչ կերպով է վճարելու ԱՄՆ-ից մինչև 5 միլիարդ դոլարի արտահանման և 4 միլիարդ դոլարի աջակցության համար։

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ վճարել նման գումարներ․ Հայաստանը պարզապես չունի այդպիսի միջոցներ և առաջիկա տարիներին չի էլ կարող ունենալ։

Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ կառավարությունը չի վճարելու նման արտահանման համար, քանի որ որևէ երկիր չի վճարում իր իսկ տարածքից իրականացվող արտահանման համար։

Հետևաբար, դրական գնահատելով փոխնախագահ Վենսի այսօրվա այցը՝ անթույլատրելի է նրա խոսքի դիտավորյալ խեղաթյուրումը և հայ հանրության շրջանում անհիմն սպասելիքների ձևավորումը»,-գրել է նա:

Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։

«Այժմ, երբ դա ամբողջությամբ հաստատվի, ճանապարհ կհարթվի, որպեսզի ամերիկյան և հայկական ընկերությունները կարողանան քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքել: Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»,-ասել է նա: