AM
11 Փետրվար 2026 - 07:13 AMT

Ըստ Վենսի գրասենյակի՝ Հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը «սխալմամբ էր ուղարկվել»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակը հայտարարել է, որ իր պաշտոնական X-ի էջում հրապարակված և հետագայում ջնջված գրառումը, որտեղ 1915 թվականի իրադարձությունները բնութագրված էին որպես ցեղասպանություն, «սխալմամբ է ուղարկվել», գրել է Bloomberg-ը։

Վենսի պաշտոնական X-ի էջում հրապարակվել էր փոխնախագահի և նրա տիկնոջ լուսանկարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որը հետագայում հեռացվել է։ Այնտեղ ասվում էր, որ նրանք «մասնակցել են ծաղկեպսակ դնելու արարողությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի»։

Փոխնախագահի գրասենյակի պաշտոնյան ասել է, որ նամակը սխալմամբ ուղարկվել է աշխատակազմի անդամի կողմից, որը ԱՄՆ պատվիրակության մաս չի կազմում, գրում է Factor.am-ը:

Իր հերթին,Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը ճեպազրույցի ժամանակ X-ի գրառման և այն հետագա ջնջելու վերաբերյալ հարցին պատասխանելիս ասել է, որ «քաղաքականության մեջ այս պահին որևէ փոփոխություն չի եղել»։

Bloomberg-ը հիշեցրել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին դարձել է ԱՄՆ առաջին ղեկավարը, որը պաշտոնապես ճանաչել է հայերի կոտորածները որպես ցեղասպանություն։ Այդ որոշումը առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ երկիր։ Հրապարակման համաձայն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են ցեղասպանությունը։

Երևանում լրագրողների հարցին ի պատասխան՝ ինչու է կարևորել այցելել հուշահամալիր և արդյոք պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ փոխնախագահը պարզաբանել է, որ այցը նախաձեռնվել է հայերի խնդրանքով, սակայն ցեղասպանության ճանաչման հարցին ուղղակի պատասխան չի տվել։

«Երբ մենք խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա մեզ համար շատ կարևոր վայր է, և ակնհայտ է, որ ես առաջին փոխնախագահն եմ, ով երբևէ այցելել է Հայաստան, նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ շատ սարսափելի բան է տեղի ունեցել։ Դա մի բան է, որը պարզապես շատ, շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով։ Ես մտածեցի, որ որպես հարգանքի նշան՝ թե՛ զոհերի, թե՛ նա Հայաստանի կառավարության նկատմամբ, որը մեզ համար շատ կարևոր գործընկեր է տարածաշրջանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ես ցանկացա այցելել և իմ հարգանքի տուրքը մատուցել»,- ասել է նա:

Վենսի խոսնակի փոխանցմամբ՝ փոխնախագահի X-ի հաշիվը ղեկավարվում է աշխատակազմի կողմից և հիմնականում ծառայում է նրա գործունեության լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակելու նպատակով։ Մյուս բոլոր հարցերի մասով հղում է արվել հենց Վենսի կատարած մեկնաբանություններին։