AM
11 Փետրվար 2026 - 07:38 AMT

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին։ Լինելով ոլորտի ամենախոշոր հարթակներից մեկը՝ «Gulfood» ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ էր միավորել ավելի քան 120 երկրի ազգային տաղավարներ։ Հայկական Fun Fruit-ը սեփական տաղավարում ներկայացել է իր արտադրած արևահամ տանձի ու խնձորի տեսակներով։

Fun Fruit ընկերության նախագահ Վահագն Բադալյանը նշել է. «2021 թվականից ի վեր Fun Fruit ընկերությունն Արագածավան համայնքում հիմնել է 300 հեկտարից ավելի ինտենսիվ այգիներ՝ տանձի, տափակ դեղձի, խնձորի, կեռասի, ծիրանի: Մենք այստեղ՝ «Gulfood»-ում, մասնակցում ենք սեփական տաղավարով, որպեսզի ընդլայնենք մեր ներկայությունն Արաբական Միացյալ Էմիրություններում և շրջակա երկրներում: Շուկայում գործունեություն ենք ծավալում արդեն երկու տարի: Մենք ունենք սեփական 10-ից ավելի բեռնատար մեքենաներ, որով կազմակերպում ենք բեռնափոխադրումները Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ»։

Fun Fruit-ն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Gulfood»-ի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Ցուցահանդեսի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ համտեսել են հայկական արևահամ մրգերը՝ առաջարկելով նոր համագործակցություններ։ Վահագն Բադալյանը նշել է՝ առաջիկայում պատրաստվում են շուկան ընդլայնել:

«Նաև մենք մասնակցել ենք 2025 թվականի սեպտեմբերին Asia Fruit Logistica ցուցահանդեսին, նույնպես մեր սեփական տաղավարով, որտեղ ներկայացնում էինք հայկական, մեր սեփական արտադրության մրգերը և փորձում էինք ընդլայնվել նաև այդ շուկաներում», – ասել է նա:

«Gulfood» ցուցահանդեսը դարձել է կարևոր հարթակ՝ Fun Fruit-ի արտադրանքը ներկայացնելու, ինչպես նաև ոլորտի լավագույն մասնագետների և առաջատար արտադրողների հետ արդյունավետ կապեր հաստատելու համար: