AM
11 Փետրվար 2026 - 09:42 AMT

Բաղայի․ Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն իրենց որոշումներում հաշվի կառնեն Իրանի դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ Թեհրանը պարբերաբար ներկայացնում է իր տեսակետներն ու առաջնահերթությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարությանը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ով է այց կատարում այդ երկրներ։

Բաղային ընդգծել է, որ Իրանը հանդես է գալիս հարևան պետությունների միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ընդլայնման օգտին, սակայն անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգ ներկայացնել սահմանների կայունության համար, հայտնում է Sputnik Արմենիան:

«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են այս հարցերի վերաբերյալ Իրանի մոտեցումների և մտահոգությունների մասին։ Մենք ակնկալում ենք, որ ցանկացած որոշում կայացնելիս այդ նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն»,- ասել է նա։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի առանցքային թեմաներից մեկը TRIPP-ն էր։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագիծը ենթադրում է 43 կիլոմետրանոց երկաթգծի կառուցում, որն առաջին փուլում պետք է կապի Ադրբեջանն ու Նախիջևանը, իսկ հեռանկարում՝ ինտեգրվի «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջանցքներին։

Այն նախատեսում է ընկերության ստեղծում ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով, իսկ Հայաստանը վերահսկողության մեխանիզմներ կունենա վերահսկողական մեխանիզմներ սկզբունքային հարցերի վերաբերյալ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% բաժնեմաս, Հայաստանին՝ 26% (համաձայնագրի երկարաձգման դեպքում բաժնեմասը մինչև 49% հասցնելու հնարավորությամբ)։