AM
13 Փետրվար 2026 - 06:51 AMT

Փաշազադեն հրեական կազմակերպությունների հետ հանդիպմանը խոսել է Հայ եկեղեցու «ռևանշիստական միտումների» մասին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Բաքվում, ընդունելով ԱՄՆ խոշորագույն հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի նախագահ Բեթսի Բըրնս Քորնի գլխավորած պատվիրակությանը, խոսել է Հայ Առաքելական եկեղեցու «ռևանշիստական տրամադրությունների» մասին:

Ըստ նրա՝ դա չի համապատասխանում «կրոնական հանդուրժողականության և խաղաղ գոյակցության սկզբունքներին», գրում է Minval.az-ը:

Արցախում էթնիկ զտում իրականացրած և հայկական եկեղեցիներն ու մշակութային ժառանգությունը պղծող ու ոչնչացնող երկրի կրոնական ներկայացուցիչը խոսել է «միջկրոնական երկխոսության ադրբեջանական մոդելի մասին»:

Արցախի տարածքում ավելի քան 4000 հայկական հուշարձան կա, մոտ 500 եկեղեցի ու բերդ: Թանգարանային ցուցանմուշները տասնյակ հազարներով են՝ տեղահանման ժամանակ ոչինչ տեղափոխել չի ստացվել: Այժմ արցախյան բնակավայրերը հերթով հայտնվում են Բաքվի շինարարական բուլդոզերի տակ, հնագույն եկեղեցիները կամ աղվանացնում են, ջնջում քարակերտ արձանագրությունները, կամ քանդում: