ՍԱՏՄ-ի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը, մեկնաբանելով ոլորտի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին տեսչական մարմնի որոշումը, ասել է, որ սննդի առաքման ոլորտում արձանագրված բողոքների աճը դարձել է մտահոգիչ, հայտնում է Sputnik Արմենիան:
Տեսուչների ուշադրության կենտրոնում հայտնվել է առաքիչների կողմից նախնական և պարբերական բժշկական զննություն անցնելու, ինչպես նաև սանիտարական գրքույկ ունենալու՝ օրենքով սահմանված պահանջի կատարումը։
«Սննդային շղթայի բոլոր մասնակիցները 6 ամիսը մեկ կոնկրետ հիվանդությունների մասով պետք է ստուգում անցնեն բժշկական հաստատություններում։ Բայց մարդը 6 ամիսը մեկ չէ, որ հիվանդանում է, և եթե ինքը այսօր ստուգվել է, դա չի նշանակում, որ վաղը չի կարող հիվանդանալ։ Այսինքն՝ տնտեսավարողը ինքը պետք է դա իր ուշադրության կենտրոնում պահի։ Առաջին իսկ պահին, երբ տեսնում է, որ իր աշխատակիցը կարող է հիվանդ լինել քթից է հոսում, փռշտում է, կամ ինչ–որ այլ առերևույթ խնդիր ունի, պետք է դրանով հետաքրքրվի, զբաղվի, և այդ աշխատակցին այդ պահին սննդի հետ առնչվելուց զերծ պահի»,– նշել է Հարությունյանը հավելելով, որ այս պարտավորությունները չկատարելու դեպքում տուգանվելու է տնտեսավարողը, ոչ թե աշխատակիցը։
Վերահսկողության առարկա են դարձել նաև սննդի տեղափոխման պայմանները։
«Հատկապես մոտոցիկլետների դեպքում սնունդը տեղափոխվում է արկղերի մեջ։ Ամեն ծառայություն իր արկղն ունի։ Դրանք ևս պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում, պետք է լինեն պատշաճ սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան»,– նշել է մեր զրուցակիցը։
Սննդի առաքման ոլորտում ներգրավված մեծ թվով միգրանտների վերաբերյալ Անուշ Հարությունյանը պարզաբանել է, որ նրանք նույնպես ենթարկվում են ՀՀ օրենսդրությանը և ոլորտում գործող կարգավորումներին։ Ըստ նրա՝ միգրանտ աշխատողները պետք է իրենց գրանցման թերթիկով դիմեն առողջապահական հաստատություն, անցնեն սահմանված բուժզննությունները, ստանան սանիտարական գրքույկ և միայն դրանից հետո իրավունք ունենան զբաղվել սննդի առաքմամբ։
ՍԱՏՄ–ի ստացած բողոքները հիմնականում ներկայացվել են անհատ քաղաքացիների կողմից։
«Հիմնականում բողոքները վերաբերում են նրան, որ մթերքը, որը բերել են, համապատասխան որակի չի եղել կամ բերողը իրենց դուր չի եկել, մտածում են, որ սանիտարահիգիենիկ նորմերը նորմալ չեն պահպանվել և այլն։ Ավելի շատ բողոքներ կան հենց առաքման պայմանների վերաբերյալ »,– ասել է տեսչական մարմնի ներկայացուցիչը։
Նա վստահեցրել է, որ գարնանից նախատեսված խստացված վերահսկողությունը նպաստելու է քաղաքացիների շրջանում ձևավորված մտահոգությունների նվազեցմանը։
ՍԱՏՄ–ն օրերս հայտարարել է, որ մարտ ամսից իրականացնելու է լայնածավալ վերահսկողություն սննդի առաքման ծառայություններ մատուցողների գործունեության նկատմամբ։





