Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե ՀՀ-ն գործիք է դառնում Արևմուտքի համար ՌԴ հետ առճակատման մեջ:
Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես նախկինում, Երևանին դիտարկում է որպես բնական դաշնակից Հարավային Կովկասում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս տված հարցազրույցում ընդգծել է, որ իր երկրի քաղաքական ուղեգիծը չի ենթադրում վնասել Ռուսաստանի շահերին։ Սակայն, տեսնում ենք, որ Երևանի կողմից արևմտյան պետությունների և կառույցների հետ ռազմաքաղաքական ու տնտեսական համագործակցության տեմպերն արագանում են: Բազմիցս մեր հայ գործընկերներին ասել, որ Արևմուտքի համար, և այնտեղ դա այլևս չեն թաքցնում, Հայաստանը հանդիսանում է աշխարհաքաղաքական պայքարի գործիք Մոսկվայի հետ դիմակայության գործում», – նշել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Երևանում տեղյակ են Մոսկվայի սկզբունքային դիրքորոշմանը՝ Եվրամիությանն անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության հետ անհամատեղելի են։ Փոխնախարարը ընդգծել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորիչ դաշտ անցնելու դեպքում հայկական կողմը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը կհանգեցնի համապատասխան հետևանքների։
«Ակնկալում ենք, որ հանրապետությունում առաջնորդվելու են պրագմատիզմով. հայկական տնտեսության բարձր աճի տեմպերը, գնաճի ցածր մակարդակը, ազգային արժույթի կայունությունը, հայկական արտադրանքի համար իրացման լայն շուկան՝ այս ամենի գրավականը համագործակցությունն է Ռուսաստանի հետ և ԵԱՏՄ շրջանակներում», – նշել է փոխնախարարը։
Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանում կարծում են, որներկկողմ համագործակցությունն ու եվրասիական կառույցներում համաձայնեցված աշխատանքը հիմք են հանդիսացել Հայաստանի ապագա զարգացման համար։
Դիվանագետը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին՝ դրանց համապատասխանությունը կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորություններին գնահատելու նպատակով։ Գալուզինի խոսքով՝ Մոսկվայի համար սկզբունքային է, ինչպես բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Երևանը պահպանել է կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակը։
Ավելի վաղ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ռուսաստանի շահերին վնաս հասցնել մեր օրակարգում չկա, չի եղել և չի լինելու։ Դա բացառված է, և ոչ ոք չի կարող մեզ ներքաշել Ռուսաստանի դեմ գործողությունների տրամաբանության մեջ», հավելելով, որ երկրի իշխանությունները մշտապես առաջնորդվել են ազգային շահերով։





