Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը «խստորեն դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանում սանձազերծված ճնշումները», հայտնում է Panorama.am-ը:
Նշվում է, որ այս սրացումը հասել է նոր մակարդակի՝ «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անօրինական և անիրավ հետապնդմամբ այն հարցերի համար, որոնք ակնհայտորեն գտնվում են հոգևորականության բացառիկ իրավասության ներքո»։
«Քաղաքական դրդապատճառներով այս արշավը, որն ուղղված է Հայ եկեղեցու գերագույն ղեկավարի և նրա հիերարխիայի դեմ, անընդունելի հարձակում է հայ ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկի վրա։ Այն թուլացնում է ամբողջ ազգը՝ հայրենիքից մինչև սփյուռք՝ ստեղծելով ներքին պառակտում, ինչից միայն նրա հակառակորդները կարող են ուրախանալ։
Քանի որ հայ ազգը բախվում է արտաքին լուրջ սպառնալիքների, այն չի կարող թույլ տալ նման բնույթի բախումներ, որոնք նույնքան ամոթալի են, որքան կործանարար նրա միասնության և բարոյական ուժի համար։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ամբողջ կառավարությանը վերականգնել բնականոն վիճակը և անհապաղ վերջ դնել այս ճնշումներին, որոնք հիշեցնում են ստալինյան գործելակերպը և մեր պատմության ամենամութ պահերը։
Այն պահանջում է անհապաղ վերանայել Ամենայն Հայոց կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և նրա քարտուղարի դեմ կայացված անօրինական որոշումները։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը հավաստիացնում է Նորին Սրբություն Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցուն իր հարգանքը, իր լիակատար և անսասան աջակցությունը և իր համերաշխությունը»,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը:
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից:





