AM
18 Փետրվար 2026 - 08:39 AMT

Amnesty International-ը Վարդանյանի դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել

Հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվում կայացված դատավճիռը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր արդարադատության նկատմամբ, ասել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը:

«16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճռով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր արդարադատության նկատմամբ։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր նման մի քանի քաղաքացիական անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ»,- Ստրութերսի հայտարարությունն է մեջբերել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, հայտնում է Արմենպրեսը:

Ստրութերսը կարծիք է հայտնել, որ տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հետևանքով տուժածները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում արժանի են ճշմարտության բացահայտման, արդարության հաստատման, փոխհատուցման տրամադրման և այնպիսի երաշխիքների, որոնք կապահովեն, որ նման հանցագործությունները այլևս չեն կրկնվի։

«Այս դատապարտումները միջազգային իրավունքով հանցագործությունների բոլոր զոհերի համար վիրավորանք են»,- նշել է նա։

Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը և մյուս մեղադրյալները դատվել են փաստացի փակ դատական նիստերով, նրանց նկատմամբ հարուցված գործերը հիմնված են կեղծ ապացույցների վրա, իսկ նիստերը անցկացվել են հայերի համար անհասկանալի լեզվով և պատշաճ կերպով չեն թարգմանվել։

Նշվել է նաև, որ «Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։

«Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

Բաքվի դատարանը փետրվարի 17-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավճիռը, ըստ որի՝ նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ դատարանը հրապարակել է նաև ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաբերյալ կեղծ դատավճիռները։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման, քանի որ վճռի հրապարակման պահին նրանց 65 տարին լրացած է եղել, իսկ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառել։

Բաքվի դատարանը կեղծ դատավարության արդյունքներով 19 տարվա ազատազրկման է դատապարտել նաև Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։