«Ադրբեջանական երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությունը (ADY) շարունակում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում նոր երկաթուղային գծի շինարարությունը:
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է արդիականացնել 10 կայարան 194․1 կիլոմետր երկարությամբ մայրուղու երկայնքով, ինչպես նաև կառուցել 814 ինժեներական կառույց, այդ թվում՝ 29 կամուրջ, 4 թունել և 12 ուղեանց, գրում է Caliber.az-ը:
Նախագծման և շինարարական աշխատանքների առաջին փուլը, որը մեկնարկել է անցյալ տարվա վերջում, ընդգրկել է Սալամմյալիքը, Օրդուբադը, Ազուն և Ջուլֆան։
«Նշված երկաթուղային գիծը, որը միացվել է Զանգեզուրի միջանցքին, ապահովելու է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ուղիղ ցամաքային կապը, ինչպես նաև բացելու է մուտք դեպի Թուրքիայի, Հայաստանի և եվրոպական երկրների շուկաներ։ Նախագիծը դիտարկվել է որպես Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ և նոր տարածաշրջանային տրանսպորտային համակարգի մաս, որը ինտեգրվելու է TRIPP երթուղուն՝ Հայաստանի սահմանին Օրդուբադի շրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։





