AM
20 Փետրվար 2026 - 14:10 AMT

Դանիելյան․ Մարդիկ ահազանգում են, որ հոսանքի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի

Քաղաքացիներն ահազանգել են, որ էլեկտրաէներգիայի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ բարձր վճարներ արձանագրվել են նաև այն դեպքերում, երբ բնակիչները նշված ամիսներին հիմնականում բացակայել են տնից։

«Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեկտեմբեր և հունվար ամիսներին էլեկտրաէներգիայի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի։ Նույնիսկ այն քաղաքացիների դեպքում, որոնք այս ամիսներին մեծամասամբ բացակայել են տանից, կազմել է բավականին մեծ գումար»,-գրել է նա՝ հավելելով, որ Սա տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում։

«Այդ ինչպե՞ս են հաշվել էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հաշիվներն այն դեպքում, երբ սպառման ծավալների փոփոխություն չի եղել։

Ինչպես Էրեբունի համայնքում օրեր շարունակ էլեկտրականության անջատման և փոխհատուցման անհրաժեշտության, այնպես էլ այս հարցով դիմել էի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Խնդրի վերաբերյալ ՀԾԿՀ-ն տվել է ոչ բավարար պատասխան՝ հայտնելով, որ 2026 թվականի հունվար ամսին Հանձնաժողով ներկայացվել է նմանօրինակ ընդամենը 1 դիմում։

Մեր այն հայրենակիցները, որոնք բախվել են խնդրին, կխնդրեմ, որպեսզի արձագանքեն մեկնաբանություններում․ գուցե այսպես «ՀԷՑ»-ի և ՀԾԿՀ-ի համար ավելի տեսանելի դառնա հանրային դժգոհությունը։

Հետևողական եմ լինելու, որպեսզի հարցն, ի վերջո, պարզաբանվի։ Մեր հայրենակիցները թալանի միջոց չեն»,-գրել է նա։

Ավելի վաղ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ երկար տարիներ ՀՀ-ում գործող էլեկտրաէներգիայի բարձր սակագնի մեջ ներառվել են ներդրումային ծրագրերի այնպիսի ծախսեր, որոնք իրականացվել են փակ տնտեսական մոնոպոլ համակարգով՝ շուկայական արժեքներից բազմապատիկ բարձր գներով, և այդ ամենի վճարողը եղել է ՀՀ քաղաքացին՝ սակագնի տեսքով։