AM
25 Փետրվար 2026 - 08:07 AMT

Սամխարաձե․ Վրաստանը լիովին աջակցում է Բաքու-Երևան կարգավորմանը

Վրաստանը լիովին աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և անհրաժեշտության դեպքում կարող է հանդես գալ որպես միջնորդ այդ գործընթացում։ Այդ մասին Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է Բաքվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ նիստում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ձևավորել են խոշոր տարանցիկ հանգույց, իսկ եռակողմ համագործակցությունը հետևողականորեն զարգանում է բոլոր ուղղություններով, հայտնում է APA-ն:

Սամխարաձեն ընդգծել է, որ Աբխազիան և Հարավային Օսիան շարունակում են մնալ ռուսական օկուպացիայի տակ, և տարածքային ամբողջականության վերականգնումը առաջնահերթ նշանակություն ունի Վրաստանի համար։

«Մեր օկուպացված շրջաններում երեխաները հնարավորություն չունեն կրթություն ստանալու մայրենի լեզվով», — նշել է նա։

Նա նաև հայտարարել է, որ Վրաստանը դատապարտել է Ուկրաինայի դեմ ագրեսիան և աջակցել է ուկրաինական ժողովրդին։

Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական կապերին՝ Սամխարաձեն ընդգծել է, որ հակամարտություններով պայմանավորված ճգնաժամերի ֆոնին Վրաստանը ենթարկվել է լուրջ ճնշման, սակայն պաշտոնական Թբիլիսին հավատարիմ է մնացել խնդիրների խաղաղ կարգավորմանը։

«Որոշ երկրներ և կազմակերպություններ չարաշահում են մեր անկեղծությունը։ Նրանք ցանկանում էին մեզ մղել ինքնասպան քայլերի։ Երբ մենք դեմ ենք հանդես եկել նրանց անօրինական պահանջներին, նրանք սկսել են համագործակցել մեր երկրում գործող բռնի խմբերի հետ», — ասել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։