AM
25 Փետրվար 2026 - 08:50 AMT

Պոլսո Հայոց պատրիարքն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկել է հիմնել սինոդական կառույց՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում առաջացած ճգնաժամից դուրս գալու ուղի։ Այդ մասին նա ասել է Վիեննայում կայացած Եպիսկոպոսական հավաքի բացման նիստում, հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Ըստ նրա՝ նման մարմինը կամրապնդի Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դիրքերը։ Նա նաև առաջարկել է Ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ամսաթիվ սահմանել:

Մաշալյանը նշել է, որ ճիշտ կլինի, եթե Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսի, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործում նեցուկ կանգնեն Վեհափառին:

Պոլսո պատրիարքն ընդգծել է, որ փոխադարձ սրացնող գործողություններն ու հայտարարությունները խորացրել են ստեղծված իրավիճակը:

Նա կարծիք է հայտնել, որ Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է և նշել, որ սինոդական կառույցում կարող են ներգրավվել նաև որոշ ընդդիմադիր հոգևորականներ, ինչը կարող է անցումային փուլում նպաստել լուծումներ գտնելուն։

«Այս սինոդական դրոյթը կարող է հող պատրաստել կառավարության հետ ելքի լուծումներ որոնելու և գտնելու ուղղությամբ: Վեհափառ Հայրապետը միշտ մտածել է այսպիսի կառոյց հիմնելու մասին, անձնապես գիտեմ, բայց երբեք կյանքի չի կոչվել այս գաղափարը:

Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, կվախենամ, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակությունն անբաղձալի կերպով կթուլանա», – նշել է նա:

Սինոդական կառույցը համարվում է կրոնական-եկեղեցական կառավարման բարձրագույն մարմին, որը բաղկացած է բարձրաստիճան հոգևորականներից։

Ավստրիայում անցկացված Եպիսկոպոսաց հավաքի մասնակից հոգևորականները հայտարարությամբ վերահաստատել են իրենց հավատարմությունը Էջմիածնին և կաթողիկոսին։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են արել դադարեցնել եկեղեցու նկատմամբ հալածանքները և հարգել դարերով ձևավորված ինքնավարությունը։ Հավաքի մասնակիցները նաև հույս են հայտնել, որ խնդիրները լուծվելու են երկխոսության ճանապարհով:

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: