«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանել է իր կայքում հրապարակված ջրամատակարարման ժամանակցույցը, որի համաձայն մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջրամատակարարումն իրականացվելու է 17-ժամյա գրաֆիկով՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև գիշերը 24:00-ը։
Ընկերությունն անդրադարձել է նոր ջրասպառողների թվի կտրուկ աճին և գիշերային ժամերին ջրի կորուստները կանխելու անհրաժեշտությանը:
«Ընկերությունն իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում է հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը, որը կազմվում է հասցեական, այնպես, որ բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին:
Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին), ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության մոտ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից: Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:
ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է հավելյալ մոտ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ֆիզիկական կորուստների նվազեցմանը, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները: Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ Ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին:
Հարկ ենք համարում նշել, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով Վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունն ակտիվ քննարկումների առարկա է դարձել համացանցում, և որոշ օգտատերեր գրել են, թե գիշերային ժամերին ջրամատակարարումը դադարեցվելու է ամբողջ երկրում։





