AM
26 Փետրվար 2026 - 08:57 AMT

Կառավարությունը պակասեցրել է սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն

ՀՀ կառավարությունը պակասեցրել է սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն՝ հստակեցնելով սոցիալական փաթեթների տրամադրման կարգն ու չափաքանակները։ Գործադիրը փոփոխություն է կատարել որոշման մեջ՝ ապահովելու համար հանրային հատվածի աշխատողների առողջապահական և հանգստի կարիքները։

«Նախագծի նպատակն է սոցփաթեթի հատկացումները դարձնել ավելի հասցեական և ճշգրիտ։ Ըստ փաստաթղթի՝ ծրագիրն ընդգրկում է ավելի քան 133,000 շահառուի, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 9.6 միլիարդ դրամ, որը բաշխվում են ըստ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների»,- նշված է նախագծում, հայտնում է Sputnik Արմենիան:

Նախորդ տարիներից տարբերությամբ՝ այս անգամ հիմք են ընդունվել ոչ թե գերատեսչությունների ներկայացրած նախնական հայտերը, որոնք կազմել են մոտ 11 միլիարդ դրամ, այլ նախորդ տարվա փաստացի կատարված ծախսերը։ Կառավարությունը հիմնավորել է, որ այդ մոտեցումը կիրառվել է բյուջետային միջոցները խնայելու և դրանք «թափուր հաստիքների» համար չնախատեսելու նպատակով։

Միևնույն ժամանակ, փոփոխություններում ներառված չեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների և Մետրոպոլիտենի աշխատակիցների սոցփաթեթների համար նախատեսված գումարները։

Գործադիրը հավաստիացրել է, որ տարվա ընթացքում թափուր հաստիքների համալրման կամ կառուցվածքային փոփոխությունների դեպքում ֆինանսական պակաս չի առաջանալու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնելու է անհրաժեշտ վերաբաշխումներ։

Կառավարությունը շեշտել է, որ փոփոխությունների հիմնական նպատակը պետական համակարգում աշխատողների մոտիվացիայի բարձրացումն ու սոցիալական երաշխիքների անընդհատության ապահովումն է։ Սա նշանակում է, որ 2026 թվականին սոցփաթեթի շահառուները շարունակելու են անխափան օգտվել իրենց հասանելի ծառայություններից։