Բարելավված ջրամատակարարում ապահովելու նպատակով կառավարությունը պատրաստվում է ներգրավել 70 մլն եվրոյի վարկ։ Համաձայնագրի նախագիծը Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում ներկայացրել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև է՝ Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլի իրականացման համար, հայտնում է Aysor.am-ը:
Ծրագիրը միտված է ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտների արդիականացմանն ու համակարգային բարեփոխմանը։
«Հարկ եմ համարում նշել, որ ծրագիրը համաֆինանսավորվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության ևս 70 մլն եվրոյի չափով և ՀՀ Կառավարության կողմից՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների տեսքով:
Ծրագիրը բազմափուլային է, նախատեսվում է 5 տարվա համար։ Հաջող իրականացման դեպքում կլինի նաև ծրագրի երկրորդ փուլ։ Դրամական արտահայտությամբ առաջին փուլը կլինի 185 միլոն դոլար, երկրորդը՝ 250: Համաձայնագիրը ստացել է Սահմանադրական դատարանի հավանությունն ու դրական եզրակացությունը»,- նշել է նա։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանել է իր կայքում հրապարակված ջրամատակարարման ժամանակցույցը, որի համաձայն մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջրամատակարարումն իրականացվելու է 17-ժամյա գրաֆիկով՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև գիշերը 24:00-ը։ Ընկերությունն անդրադարձել է նոր ջրասպառողների թվի կտրուկ աճին և գիշերային ժամերին ջրի կորուստները կանխելու անհրաժեշտությանը:
Ավելի ուշ հայտարարվել է, որ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն տեղի չի ունենա:





