AM
26 Փետրվար 2026 - 12:01 AMT

Պապոյան․ Վրաստանի ֆինոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում

Հայաստանի կառավարության համար անհասկանալի է, թե ինչու վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատած բեռնատարների հայ վարորդներին շարունակել ճանապարհը։ Այդ մասին կառավարության նիստից հետո ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում է Factor.am-ը:

Նա նշել է, որ Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում:

«Մեզ համար էլ է անհասկանալի։ Գիտեք, որ մի քանի օր առաջ ՀՀ-ում էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը։ Նա նշեց, որ սա իրենց գերատեսչության հետ կապ չունի, Վրաստանի ֆինանսական ոստիկանության հետ է կապված, որը ենթարկվում է Վրաստանի ֆինանսների նախարարությանը։ Ըստ վրացական կողմի՝ ֆինանսական ոստիկանությունն ինչ-որ խնդիրներ է տեսնում ինչ-որ ապրանքերի հետ կապված։ Ես խնդրել եմ պարզաբանել՝ ինչ ռիսկերի մասին է խոսքը։ Պետք է ասեմ, որ մինչև հիմա պատասխան չենք ստացել, թե ինչ են արել մեր վարորդները»,-ասել է նախարարը։

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնող հայ վարորդները ահազանգում են, որ ՌԴ-ից Վրաստան մուտք գործելուց հետո իրենց տեղաշարժը անհասկանալի պատճառներով խոչընդոտվել է վրացի սահմանապահների կողմից։ Հիմնականում թույլ չի տրվել ճանապարհը շարունակել շինանյութ ներմուծողներին։ Վարորդները, անանուն մնալու պայմանով, նշել են, որ վրացական կողմում իրենցից պահանջվել է կաշառք։