AM
28 Փետրվար 2026 - 06:54 AMT

Ուրուգվայում Հայաստանը ներկայացվել է որպես նոր զբոսաշրջային ուղղություն

Ուրուգվայի հայտնի զբոսաշրջային գործակալություններից Hiperviajes-ը հայտարարել է, որ Հայաստանը ներառել է իր առաջարկների ցանկում՝ որպես նոր և հեռանկարային զբոսաշրջային ուղղություն, հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանատունը:

Դեսպանատանն անցկացվել է «Հայաստանը՝ պարտադիր այցելելու վայր» խորագրով միջոցառումը:

Նշվել է, որ միջոցառման ընթացքում Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացին, կառավարության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերին ու բարեփոխումներին, ինչպես նաև երկրի հարուստ մշակութային ժառանգությանը, բնական տեսարժան վայրերին և բազմազան զբոսաշրջային հնարավորություններին։

Դեսպանն ընդգծել է, որ պատմամշակութային արժեքներով հարուստ, անվտանգ և զարգացած ենթակառուցվածքներով Հայաստանը միջազգային զբոսաշրջիկների շրջանում առաջացրել է աճող հետաքրքրություն՝ ներկայացնելով նաև վերջին տարիներին արձանագրված վիճակագրական ցուցանիշները։

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև Hiperviajes ընկերության գործադիր տնօրեն Ֆերնանդո Ռիվասը, կորպորատիվ ղեկավար Անդրեա Բեժոլիոն և վաճառքի պատասխանատու Էուխենիա Կալվետտեն։ Նրանք ներկայացրել են Հայաստան այցելելու հնարավորությունները, առաջարկվող երթուղիները և տարվա բոլոր եղանակներին նախատեսված զբոսաշրջային փաթեթները։

Միջոցառման ավարտին կազմակերպվել է հայկական ուտեստների հյուրասիրություն։

Միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի Զբոսաշրջության նախարարության, Զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի, ոլորտի ավելի քան երկու տասնյակ ընկերությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև սենատոր, Զբոսաշրջության նախկին նախարար Լիլիամ Կեչիչյանը։