AM
28 Փետրվար 2026 - 07:40 AMT

ՌԴ հետ քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղու հարցերը

Ռուսական կողմի հետ քննարկվել են Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման հարցերը։ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։

Անդրադարձ է կատարվել ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երկաթուղու հարցին, հայտարարել է, որ, իր կարծիքով, լուծումն այն է, որ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, ՌԴ-ից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը: Որպես հնարավոր գնորդ նա, ԱՄԷ-ից և Քաթարից բացի, նշել էր նաև Ղազախստանը:

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և ՌԴ հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ-ն, Քաթարը կամ որևէ այլ երկիր, երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։