Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կանոններում փոփոխություն կկատարվի։ Այդ մասին որոշում է կայացվել կառավարության նիստում:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկը ներկայացվել է քաղաքացիների կողմից ստացված դիմումների հիման վրա։ Անցած տարվա ընթացքում մի շարք դիմումներ են ստացվել, որոնցում բարձրացվել է հաշվառման կարգը փոփոխելու անհրաժեշտությունը, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում հնարավոր լինի ապահովել միատեսակ մոտեցում, հայտնում է 1lurer.am-ը:
Նախարարը պարզաբանել է, որ ներկայումս էլեկտրամոբիլների հաշվարկման տեսանկյունից շարժիչի հզորության երկու ցուցանիշ է կիրառվում՝ առավելագույն կամ պիկային հզորությունը և կայուն հզորությունը։ Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկայում հիմնականում նախապատվությունը տրվում է կայուն հզորությանը, քանի որ այն թույլ է տալիս երկար ժամանակ վարել մեքենան՝ առանց մարտկոցը վնասելու։ Պիկային հզորությունը, ըստ նրա, կիրառվում է կարճատև արագացման համար և հաճախ ավելի բարձր ցուցանիշ է ունենում՝ մարքեթինգային նկատառումներով։
Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ներքին կարգավորումներում որպես հիմնական չափիչ ընդունվել է պիկային հզորությունը, մինչդեռ ԵԱՏՄ ընդհանուր կանոնակարգի համաձայն՝ ռեեստրում գրանցվում են միայն այն էլեկտրամոբիլները, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր, որտեղ նշվում է միայն կայուն հզորության ցուցանիշը։
Նախարարի խոսքով՝ առաջարկվել է հետևյալ մոտեցումը․ եթե ռեեստրում տվյալ տրանսպորտային միջոցը ունի էլեկտրոնային անձնագիր և այնտեղ նշված է կայուն հզորությունը, ապա գույքահարկի հաշվարկի հիմք կհանդիսանա հենց այդ ցուցանիշը։ Եթե նման տվյալ չկա, ապա կիրառվելու է գործակցային հաշվարկի մեխանիզմ։ Մինչև 250 ձիաուժ պիկային հզորություն ունեցող էլեկտրամոբիլների դեպքում այն բաժանվելու է 1.5 գործակցի, իսկ 250 ձիաուժից բարձր հզորություն ունեցող մեքենաների դեպքում առաջին 250 ձիաուժի համար կկիրառվի 1.5 գործակիցը, իսկ մնացած մասի համար՝ 2.5 գործակիցը։
Նախարարը օրինակներ է ներկայացրել՝ նշելով, որ եթե էլեկտրամոբիլը ունի 544 ձիաուժ պիկային հզորություն և այն 2025 թվականի արտադրության է, ներկայումս գույքահարկը հաշվարկվել է 666 հազար դրամ, մինչդեռ նոր մեխանիզմով այն կազմելու է մոտ 276 հազար դրամ։ Մեկ այլ օրինակով՝ 218 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրամոբիլի դեպքում ներկայումս վճարվել է 133 400 դրամ, սակայն նոր հաշվարկով այն կազմելու է մոտ 43 500 դրամ։
Նշվել է, որ փոփոխությունները ընդհանուր հաշվարկով վերաբերում է մոտ 20 հազար ֆիզիկական և մոտ 4000 իրավաբանական անձանց։ Կարգավորումները տարածվում են նաև արդեն գործող էլեկտրամոբիլներ ունեցող քաղաքացիների վրա, սակայն հետադարձ հաշվարկ չի իրականացվելու։
Սարգսյանի խոսքով՝ նոր հաշվարկը կիրառվելու է 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ կարգավորումը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի ապրիլի 1-ից։ Նա նշել է, որ այս ժամանակահատվածը նախատեսվել է, որպեսզի քաղաքացիները լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չունենան, քանի որ թվային հարթակները կվերադասավորվեն և roadpolice հարթակում քաղաքացիները ավտոմատ կերպով կկարողանան տեսնել նոր հաշվարկային տվյալները։
Նախարարը նաև ընդգծել է, որ կարգավորումները նախատեսվել է կիրառել մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, որից հետո հնարավոր կլինի գնահատել դրանց արդյունավետությունը և որոշել՝ պահպանե՞լ նույն ռեժիմը, թե կատարել լրացուցիչ փոփոխություններ։ Նրա խոսքով՝ այս փոփոխությունը կարող է նաև նպաստել Հայաստանում էլեկտրամոբիլների շրջանառության աճին։





