AM
11 Մարտ 2026 - 06:35 AMT

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, անդրադարձել տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հարցեր

Զրուցակիցները անդրադարձել են քաղաքական երկխոսության խորացմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ուղղություններով գործընկերության խորացման և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ առաջմղման կարևորությունը։

Փաշինյանն աշխատանքային այցով է Ֆրանսիայի Հանրապետություն։ Մարտի 10-ին Փարիզում նա մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։