ՀՀ-ն ու ԱՄՆ-ն պատրաստակամ են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համաձայնագիր ստորագրել: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ։
Արարատ Միրզոյանն ու Թոմաս Դինանոն գոհունակությամբ արձանագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ ընդգծելով համապատասխան ձևաչափով փաստաթղթի ստորագրման և տվյալ ոլորտում հետագա փոխգործակցության պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստանի և ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով:





