AM
11 Մարտ 2026 - 08:08 AMT

ԿԲ․ Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը

2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան սեփական նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործարքները՝ օգտվելով մոբայլ բանկինգից կամ կազմակերպության պաշտոնական կայքից, հայտնում է Կենտրոնական բանկը:

Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։

Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։

Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։

Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի և կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ։

«Կարգավորման մանրամասները՝ «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում:

Հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր է՝ բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: