Կառավարությունն ընդունել է համայնքների խոշորացման վերաբերյալ հերթական որոշումը։ Համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այս նախագծով առաջարկում ենք միավորել 9 համայնք՝ 8 բնակավայրով և ձևավորել երեք խոշորացված համայնք՝ 3 մարզերում։ Առաջարկվում է ձևավորել Ստեփանավան համայնքը Լոռու մարզում՝ ներառելով ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայր։ Գորիս համայնքը՝ Սյունիքի մարզում, ներառել ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայր։ Եղեգնաձոր համայնքը՝ Վայոց ձորի մարզում, ներառել Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայր»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Նա նաև նշել է, որ փոփոխությունն իրականացվելուց հետո Հայաստանի համայնքների ընդհանուր թիվը ներկայիս 70-ի փոխարեն կդառնա 64։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է՝ նշելով, որ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ բացասական փորձ չեն ունեցել։
«Հակառակը՝ մենք առանց բացառության բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի և բնակավայրերի կյանքի և սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողություններն էականորեն և անգամներով մեծանում են։ Իհարկե, մենք նաև պետք է համայնքային իշխանությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմներ մշակենք, ինչպես նաև պետք է քաղաքացիների հետ ակտիվ հաղորդակցություն իրականացնենք, թե ոնց է աշխատում համակարգը»,- նշել է վարչապետը։





