Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնցում նա հայ քաղաքական կալանավորներին և ռազմագերիներին համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների ընթացքում դատապարտված նացիստ առաջնորդների հետ։
Լեմկինի ինստիտուտը նախագահ Ալիևին համարում է ցեղասպան պետության առաջնորդ՝ մի պետության, որի ինստիտուտները լի են ցեղասպան գաղափարախոսությամբ, որի քաղաքականությունը ձևավորվում է ցեղասպան օրակարգերով, և որի ցեղասպանական հռետորաբանությունը ծառայում է որպես ներքին լեգիտիմության կարևոր բալաստ: Նշվում է, որ Ալիևը ինստիտուցիոնալացրել է ցեղասպան հայատյացությունը պետական մարմիններում և հասարակական կյանքում, գրում է Sputnik Արմենիան:
Փետրվարի 13-ին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղի նախկին առաջնորդներին ազատ արձակելու կոչը նույնն է, նույնիսկ ավելի վատ, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածը»։
Ինստիտուտը նշել է, որ նման հայտարարությունը հատկապես վտանգավոր է Իսրայել–ԱՄՆ ագրեսիայի պատերազմի պայմաններում, որի արդյունքում Ադրբեջանը հայտնվել է կարևոր պատերազմական դաշնակցի դիրքում՝ նախագահ Ալիևին ապահովելով ավելի մեծ անպատժելիությամբ, քան մինչ այդ էր։
«Ալիևի համեմատությունը չի արտացոլում պատմական իրականությունը, այլ աղավաղում է այն: Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է ներկայացում դեռևս իր մոտ պահվող հայերի դեմ և արդարացնում է իր անօրինական գործողությունները՝ նրանց համեմատելով նացիստական ռազմական հանցագործների և ցեղասպանության ճարտարապետների հետ: Բաքվում պահվող Արցախի նախկին կառավարության անդամների կատարված միակ «հանցագործությունն» այն է, որ նրանք իրացրել են ինքնորոշման իրենց իրավունքը և փորձել են պաշտպանել անկլավի 4 հազար տարվա հայ բնակիչներին ադրբեջանական ագրեսիայից: Դժբախտաբար, աշխարհի առաջնորդները, կարծես, չափազանց պատրաստակամ են հանդուրժել այժմ հարգված ցեղասպան բռնապետի կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները»,–նշված է հայտարարությունում։
Լեմկինի ինստիտուտը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ցույց են տալիս ցեղասպան պետությունների կողմից հաճախ կիրառվող մի այլ արդյունավետ մարտավարություն՝ այն, ինչ հոգեբանները կոչում են DARVO՝ ժխտել, հարձակվել և հակադարձել զոհին ու հանցագործին։
Ըստ ինստիտուտի՝ Ալիևը նախ հերքում է վայրագությունների մասին հիմնավոր մեղադրանքները, ապա հայերին ներկայացնում է որպես ենթադրյալ ռազմական հանցագործներ և վերջում շրջում է իրականությունը՝ Ադրբեջանին ներկայացնելով որպես զոհ, իսկ հայերին՝ որպես գոյաբանական սպառնալիք։ Նման հռետորաբանությունը ոչ միայն խորացնում է լարվածությունը, այլև կարող է մարդկանց մոտ արդարացված ներկայացնել ցեղասպանությունը։
Ըստ հայտարարության՝ Ալիևի խոսքերը նաև ցեղասպանության ժխտման վտանգավոր դրսևորում են։ Մի քանի նախադասությամբ, որոնք նսեմացնում են Հոլոքոստը, նա միաժամանակ հերքում է Լեռնային Ղարաբաղում հայերի կյանքի ոչնչացումը, հրաժարվում է ընդունել իր կառավարության կազմակերպած զանգվածային բռնի տեղահանման պատասխանատվությունը և նվազեցնում է Հոլոքոստի նշանակությունը՝ դրա հիշատակը օգտագործելով որպես քողարկում Հարավային Կովկասում իր ընդհանուր ցեղասպան նպատակների համար։
Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ Ադրբեջանում հայ գերիների շարունակական կալանավորումն ու նրանց նկատմամբ հետապնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից։ Նշվել է, որ Ժնևի երրորդ կոնվենցիան պահանջում է ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք և արգելում է նրանց հարկադիր հետապնդումը։
«Դատավարության ամբողջ ընթացքում եղել են հայ գերիների նկատմամբ խոշտանգումների վկայություններ ադրբեջանական համապատասխան գործակալությունների կողմից: Amnesty International-ը և այլք մտահոգություն են հայտնել Արցախի` գերի վերցված նախկին առաջնորդների իրավունքների վերաբերյալ, մասնավորապես՝ արդար դատաքննության նրանց իրավունքի առումով: Ադրբեջանը պետք է կա՛մ ազատ արձակի այս կալանավորներին, կա՛մ ապահովի թափանցիկ իրավական գործընթացներ՝ համապատասխան իր միջազգային պարտավորություններին»,–նշված է հայտարարության մեջ։
Ինստիտուտը նաև հիշեցրել է, որ պատմական փորձը ցույց է տվել՝ նմանատիպ վայրագությունների պատասխանատուները հաճախ օգտագործում են ծայրահեղ հռետորաբանություն՝ արտակարգ միջոցառումները օրինականացնելու համար։ Նրանք թիրախային խմբերին ներկայացնում են որպես հանցագործներ, ահաբեկիչներ կամ թշնամիներ, դիմում են անցյալի տրավմաներին՝ արդարացնելու ներկայիս բռնաճնշումները և կոլեկտիվ պատիժը ներկայացնում են որպես բարոյական անհրաժեշտություն։ Ըստ ինստիտուտի՝ նման վարքագիծը հաճախ ծառայում է որպես հետագա բռնությունների վաղ նախազգուշացման նշան։
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հայերի դեմ ուղղված անմարդկային և ցեղասպանական հռետորաբանությունը, չօգտագործել Հոլոքոստը սեփական գործողությունները արդարացնելու նպատակով և անհապաղ ազատ արձակել բոլոր հայ կալանավորներին։ Քանի որ, ըստ հայտարարության, նախագահ Ալիևն ինքն է հայտարարել, որ չի պատրաստվում դա անել, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի նրա վրա։
Ըստ ինստիտուտի՝ համակարգված ճնշումը հատկապես պետք է ուղղված լինի անձամբ Ալիևին, որը իր իշխանությունը պահպանելու հարցում մեծապես հենվում է արևմտյան երկրների աջակցությանը։
Նշվել է նաև, որ եթե արևմտյան աշխարհը չձեռնարկի քայլեր և շարունակի խրախուսել Ադրբեջանի նախագահին, ապա ապագայում կարող է բախվել ավելի լուրջ խնդիրների։ Որքան մեծ լինի Ալիևի անպատժելիությունը, այնքան մեծ կլինի նրա փորձը կյանքի կոչելու «Մեծ Ադրբեջանի» մասին ծրագրերը, որոնք ներառում են նաև ներկայիս անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ ինստիտուտի՝ միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ պատմական հիշողությունը շահարկվի և ծառայեցվի շարունակվող ցեղասպանական օրակարգերին։
Ալիևը նույն փետրվարի 13-ի հարցազրույցում պնդել էր, որ հայ կալանավորներին ազատ արձակելու կոչերը կարելի է համեմատել այն իրավիճակի հետ, երբ դաշնակիցներից կպահանջվեր ազատ արձակել« նացիստ պաշտոնյաներին՝ մինչև նրանց դատավճիռների կայացումը»։





