Իրանում ծավալվող ճգնաժամը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ անմիջապես Հայաստանի համար, հայտարարել է գերմանացի քաղաքագետ և հասարակական գործիչ, Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Վալդեմար Հերդտը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա գնահատմամբ՝ ռազմական գործողությունների անմիջապես Հարավային Կովկաս տեղափոխվելու համար առայժմ նախադրյալներ չեն ձևավորվել, բացառությամբ վերջին միջադեպի, երբ Ադրբեջանի տարածք հարվածային անօդաչու թռչող սարքեր են մտել։
Քաղաքագետը սակայն նշել է, որ տարածաշրջանի համար ամենամեծ վտանգը կարող է լինել փախստականների հնարավոր ալիքը, որը կարող է «ծածկել» ամբողջ տարածաշրջանը։ Նրա խոսքով՝ մարդիկ փախչելու են պատերազմից, իսկ Իրանի ավելի քան 90 միլիոն բնակչությունը այնպիսի գործոն է, որը հնարավոր չէ անտեսել։ Եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և երկրում քաոս տիրի, ինչպես ժամանակին Լիբիայում, Իրաքում, Աֆղանստանում կամ Սիրիայում, ապա փախստականների մեծ հոսքը գրեթե անխուսափելի կլինի։
«Ես այստեղ՝ Եվրոպայում, տեսնում եմ մտավախություններ, թե գալիս է հերթական ալիքը, ինչպես 2015 թվականին էր: Թեև կարծում եմ, որ այդ դեպքերից եվրոպացիները գոնե ինչ-որ փոքր դաս քաղել են: Չէ՞ որ նրանք մինչ օրս չեն կարողանում գլուխ հանել անվերահսկելի անօրինական ներգաղթի հետևանքներից: Ուստի Իրանին սահմանակից երկրները պետք է պատրաստվեն հնարավոր տարերային արտահոսքին»,-ասում է փորձագետը։
Նրա կարծիքով՝ եթե այդ գործընթացը ճիշտ կազմակերպվի և վերահսկվի, ապա հնարավոր է որոշակի օգուտներ ևս ստանալ։
«Իրանում վերջին շրջանում քրիստոնեական զարթոնք էր նկատվում, վերջին մի քանի տարվա ընթացքում այդ երկրի քրիստոնյա բնակչությունը կրկնապատկվել էր: Այս մարդիկ կարող են արժանապատիվ կերպով ընդունվել Հայաստանում և որոշակի պայմանների դեպքում երկրի տնտեսության լավ շարժիչ ուժ դառնալ»,-նշել է Հերդտը։
Քաղաքագետի խոսքով՝ Իրանում արդեն մոտ 3․2 միլիոն մարդ լքել է խոշոր քաղաքները և շարժվել դեպի երկրի հյուսիսային շրջաններ։ Նա նաև նշել է, որ ստեղծված անկայուն իրավիճակը կարող է որոշ երկրների համար գայթակղություն դառնալ։
«Հիմա Ադրբեջանի մոտ կարող է ամենաթողության իրավիճակից օգտվելու շատ լուրջ գայթակղություն առաջանալ: Գիտենք չէ՞, որ շուրջ տասնվեց միլիոն ադրբեջանցի է ապրում Իրանի տարածքում: Եվ Բաքվի մոտ կարող են նաև տարածքային հավակնություններ առաջանալ: ԱԹՍ-ներով վերջին սադրանքը կարող է դուռ բացել գործողությունների համար, որոնց համար նախկինում պահանջվում էր առնվազն ՄԱԿ-ի կամ Անվտանգության խորհրդի թույլտվությունը»,-ընդգծում է քաղաքագետը։
Վերջում նա նշել է, որ Հարավային Կովկասի երկրները կնախընտրեին, որպեսզի իրանական դիմակայությունը չտարածվի տարածաշրջանի վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանը Իրանի հետ զգալի առևտրաշրջանառություն է ունեցել, ինչը կարևոր դեր է ունեցել երկրի տնտեսության համար, սակայն ստեղծված իրավիճակը կարող է այդ իրականությունը փոխել։ Այնուամենայնիվ, ըստ նրա, ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր կլինի խուսափել լուրջ ցնցումներից և նույնիսկ որոշակի դրական արդյունքներ ունենալ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:





