ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի Սուլթանության գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարար Սաուդ բին Համուդ ալ Հաբսին Մասկատում տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն են ձեռք բերել խթանել ոլորտային գերատեսչությունների, պետական մարմինների և գործարար շրջանակների միջև ուղիղ կապերը՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման և փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև առևտրի խթանման հեռանկարները՝ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ուղղություններով։
Կողմերը ներկայացրել են փոխադարձ հետաքրքրություններն ու այն ոլորտները, որոնք առավել մեծ ներուժ են պարունակում առևտրաշրջանառության ընդլայնման տեսանկյունից։
Տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունների թեմային անդրադառնալով՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային կապերի զարգացման համար։
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը:





