Բրյուսելում մարտի 23-ին կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը, որտեղ կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու հանձնառությունը:
Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքացիական պաշտպանության, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում արձանագրված զարգացումները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ կողմից տրամադրվող աջակցային ծրագրերը, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Եվրոպական միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դերեն Դերյանը։ Նիստի ընթացքում խոսքով հանդես է եկել նաև Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու և խորացնելու Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ ուղղված կայուն զարգացման խթանմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և տարածաշրջանային դիմակայունության բարձրացմանը։
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։





