ՌԴ-ն չի բանակցում Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը:
«Կարող եմ ասել, որ, նախ, մենք մտադիր չենք որևէ մեկին որևէ կոնցեսիա փոխանցել։ Երկրորդ՝ պաշտոնական մակարդակով ՀՀ մեր գործընկերներն այս հարցերը մեզ հետ չեն քննարկել»,-ասել է նախարարը, հայտնում է «Կոմերսանտը»:
Նա նաև ընդգծել է, որ այս թեմայով շուրջ քննարկումներ չկան նաև Ղազախստանի հետ։
2025-ի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ռուս գործընկերներին՝ կարճ ժամկետներում վերականգնելու Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և ԱՄՆ-ի «Թրամփի երթուղի» տրանսպորտային նախագծի իրականացման համար։
Մարտի 26-ին Փաշինյանն ասել է․ «Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի համար կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է»:
Նա միաժամանակ շեշտել է, որ նման թևածող կամ քայլող գաղափարներ կան, բայց չի կարող ասել, թե քննարկումներ կան։





