AM
31 Մարտ 2026 - 09:36 AMT

Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ» մրցանակի 500,000 դոլարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500,000 դոլարը (188,750,000 դրամ)։ Այդ մասին հայտնի է դարձել ԿԿՀ ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից, հայտնում է Factor.am-ը:

Այս մրցանակը շնորհվում է այն անձանց կամ կազմակերպություններին՝ անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք «անշահախնդիր և անձնվեր աշխատում են մարդկային եղբայրության առաջ և խաղաղ համակեցության ապահովման ուղղությամբ»։

«Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանվել են նվերների ընդունման կանոններ հանրային ծառայողների համար։ Ըստ գործող կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում այն նվերները, որոնք ստացվում են պետական, պաշտոնական կամ աշխատանքային այցերի, ինչպես նաև գործուղումների ընթացքում, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 դրամը։

ԿԿՀ-ից փոխանցվել է, որ նվերը հաշվառվելուց հետո փոխանցվում է Պետգույքի կառավարման կոմիտեին։ Կոմիտեից հայտնել են, որ տվյալ նվերը դեռևս չի ամրագրվել իրենց հաշվեկշռում։

«Ներկայումս հարցը գտնվում է Կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի թիվ 956 որոշմամբ հաստատված կարգով իրականացվող գործընթացների շրջանակում»,- հայտնել են կառույցից։

ԿԿՀ ներկայացված ձևաթղթում նշվում է, որ Փաշինյանի կողմից ստացված գումարը դասակարգվել է որպես պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում տրամադրված նվեր։

Փաշինյանը մրցանակը ստացել է 2026 թվականի փետրվարի 4-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում կայացած միջոցառման ընթացքում։ Այդ օրը Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միասին մասնակցել են մրցանակաբաշխությանը։ Ընդհանուր՝ 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը բաժանվել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։