AM
2 Ապրիլ 2026 - 14:21 AMT

ՌԴ-ն խստացնում է Հայաստանից ներմուծվող արտադրանքի վերահսկողությունը

ՌԴ-ն խստացնում է Հայաստանից ներմուծվող արտադրանքի վերահսկողությունը, հայտնել է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում:

Դանկվերտը նշել է, որ նման քայլը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, ըստ ռուսական կողմի, ամբողջությամբ չի պահպանում Եվրասիական տնտեսական միության պահանջները՝ Եվրամիությունից իր շուկա ապրանքների պարզեցված մուտքի տրամադրման հարցում, հայտնում է Արմենպրեսը:

Պաշտոնյան ասել է, որ Հայաստանից մատակարարվող ապրանքների ծավալներն ու տեսականին կասկածներ են առաջացնում դրանց իրական ծագման վերաբերյալ։

«Հայաստանը, օրինակ, ծաղիկների մատակարարումները երեք տարվա ընթացքում 36 միլիոն հատից հասցրել է ավելի քան 100 միլիոնի։ Շատ այլ ապրանքների դեպքում ևս նկատվում է նման աճ»,- ասել է Դանկվերտը։

Նրա խոսքով՝ այդ հանգամանքների պատճառով ռուսական կողմը բուսասանիտարական վերահսկողությունը տեղափոխել է սահմանին մոտ։

Անդրադառնալով կենդանական ծագման արտադրանքին՝ Դանկվերտն ընդգծել է, որ որոշ դեպքերում ապրանքների ծագումը կարող է չհամապատասխանել հայտարարվածին։