ԱԺ-ում քննարկվել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել ներդրումային դաշտը՝ համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին։ Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 8-ի նիստում:
Նա նշել է, որ այն նպատակ ունի ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխան պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելով ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունն ու խթանումը ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար, հայտնում է 1lurer.am-ը:
Նշվել է, որ նախաձեռնության ընդունմամբ կձևավորվի հստակ և կանխատեսելի ներդրումային միջավայր, որը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի միջազգային ներդրումային վարկանիշը, մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը՝ միաժամանակ խթանելով կայուն և ներառական տնտեսական աճը։
Փոխնախարարի փոխանցմամբ՝ ներկայում գործող «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը ընդունվել է դեռևս 1994 թվականին և չի ապահովում ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում։ Ըստ նրա՝ առաջարկվող կարգավորումները տարածվում են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ներդրողների վրա։
Օրենքով սահմանվել են ներդրումների իրավական հիմքերը Հայաստանում, ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատություններն ու երաշխիքները, ինչպես նաև ներդրողների իրավունքներն ու դրանց պաշտպանության մեխանիզմները, պարտականությունները և ներդրումային խթանների՝ արտոնությունների տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը։ Նախագծով նաև կարգավորվել է ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ նախագիծը երկար ժամանակ քննարկվել է, այդ թվում՝ շահագրգիռ գործարարների մասնակցությամբ կազմակերպված աշխատանքային քննարկումներում։
Նշվել է, որ նախագծի ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվի «Օտարերկրյա ներդրումների մասին» գործող օրենքը:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:





