Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո X-ի էջում գրել է, որ իր երկիրն աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության ջանքերին:
«Լիտվան վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին, ողջունում է ձեռք բերված առաջընթացը և պաշտպանում է տարածաշրջանում կայունության շարունակականությունը»,-գրել է նա:
Նա հավելել է, որ Լիտվան աջակցում է նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների խորացմանը։
Ռուգինիենեի հետ հանդիպմանն Ալիևն ասել է, թե «Ադրբեջանն է հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության և երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման նախաձեռնությամբ», հայտնում է APA-ն:
Նա նաև ասել է, թե «մոտ 30,000 ներքին տեղահանված է վերադարձել նախնիների հողեր»։ Նա հավելել է նաև, որ 44-օրյա պատերազմից հետո ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 400 մարդ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։





