Ոսկու գինը արդեն երրորդ օրն անընդմեջ աճ է գրանցել՝ հասնելով մեկ ունցիայի (31․1 գրամ) համար մոտ 4740 դոլարի։
Ոսկու գինը երրորդ օրն անընդմեջ դանդաղ աճ է գրանցում, քանի որ վաճառողները հաշվարկում են Իրանի դե, պատերազմի դիվանագիտական կարգավորման հեռանկարները, նույնիսկ երբ ստեղծված լարվածությունը սպառնում է ձախողել հրադադարը, գրում է Panorama.am-ը Bloomberg-ի վրա հղումով:
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ուղիղ բանակցություններ վարել Իրանի հետ, մինչդեռ Թեհրանը Իսրայելի գործողությունները Լիբանանի ուղղությամբ գնահատել է որպես հրադադարի խախտում։ Չնայած Պարսից ծոցի մի շարք երկրներում հարձակումների նվազմանը, Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը դեռևս սահմանափակված է Իրանի կողմից:
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում կատարել է գրառում՝ խոստանալով կոշտ պատասխան։ Նա գրել է.
«1 – Լիբանանը և ամբողջ «դիմադրության առանցքը», որպես Իրանի դաշնակիցներ, հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում (10 առաջարկներից 1-ին կետը):
2 – Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հրապարակավ ընդգծել է Լիբանանի հարցը. այստեղ չի կարող լինել ո՛չ ժխտում, ո՛չ էլ նահանջ:
3 – Հրադադարի խախտումները կհանգեցնեն կոնկրետ հետևանքների և կոշտ պատասխանի: Անհապաղ դադարեցրեք կրակը»։
Ավելի վաղ նա հայտարարել էր հրադադարի մի քանի կետերի խախտման մասին՝ Իսրայելի հարվածներից հետո։ Իրանը պնդել է, որ Լիբանանը նույնպես ընդգրկված է համաձայնագրում, մինչդեռ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն կիսում այդ մոտեցումը։ Թեհրանը նաև նախազգուշացրել է, որ կարող է դուրս գալ համաձայնագրից, եթե հարձակումները շարունակվեն։
Միջազգային շուկաներն այժմ սպասում են ԱՄՆ-Իրան բանակցություններին, որոնց առաջին փուլը նախատեսվում է ապրիլի 11-ին Պակիստանում՝ նպատակ ունենալով հասնել կայուն հրադադարի և վերագործարկել Հորմուզի նեղուցը։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ամերիկյան ուժերը կմնան Իրանում և նրա շուրջը, «քանի դեռ «իրական համաձայնագիրը» լիովին չի կատարվել»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի հետ խաղաղ համաձայնագիրը տապալվի, ռազմական գործողությունները կարող են ավելի լայն մասշտաբներ ստանալ: Թրամփը հավելել է, որ ամերիկացի զինծառայողները, օդուժն ու նավերը կմնան տարածաշրջանում այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի հետ պայմանավորվածությունները չեն կատարվել։





