Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի և երկարաժամկետ կարգավորման ձեռքբերման դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ընթացքում, որը կայացել է Միլի մեջլիսում, հայտնում է APA-ն:
Նա ասել է, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին «Ադրբեջանի և Թուրքիայի համակարգված քայլերը կարևոր դեր են խաղում տարածաշրջանում կայունության ապահովման գործում»։
Շամիլ Այրըմը նաև նշել է միջխորհրդարանական բարեկամության կառույցների կարևոր դերը «թյուրքական աշխարհում համատեղ գործունեության զարգացման գործում»։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։
2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։





