AM
10 Ապրիլ 2026 - 11:38 AMT

Ամերիկյան MESA-ն պահանջել է վերականգնել Գզոյանին պաշտոնում

Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան՝ MESA-ն, նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում անհապաղ վերականգնել Էդիտա Գզոյանին և երաշխավորել ինստիտուտի ակադեմիական անձեռնմխելիությունը։

Ասոցիացիան շեշտում է, որ Գզոյանն առանցքային առաջնորդող դեր է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր գիտական աշխատանքների խթանման, թանգարանի արդիականացման և երիտասարդ հայ գիտնականներին ցեղասպանագետների համաշխարհային հանրության մեջ ինտեգրելու գործում, իսկ նրա գիտական աշխատությունները հրապարակվել են եվրոպական և ամերիկյան առաջատար պարբերականներում, հայտնում է Sputnik Արմենիան:

Ասոցիացիայի բաց նամակում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 12-ի ասուլիսին, որի ընթացքում նա հայտարարել է, որ անձամբ է պահանջել Գզոյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել է Արցախի մասին «սադրիչ» գիրք։

«Դուք շրջանցել եք սահմանված ընթացակարգը և տնօրենի պաշտոնում նշանակել Ձեր աշխատակազմի անդամներից մեկին, իսկ անկախ հոգաբարձուների խորհրդի անդամներին փոխարինել քաղաքական դաշնակիցներով։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է ծանր և բարդ իրավիճակում՝ ձգտելով վերջ տալ Ադրբեջանի հետ բազմամյա հակամարտությանը և հասնել հարաբերությունների կարգավորման։ Սակայն պատմական հիշողության ջնջումը չի կարող պայմանավորված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներով»,- նշված է ասոցիացիայի նամակում։

Ասոցիացիան ընդգծել է, որ թանգարան-ինստիտուտի ստեղծման հիմնարար նպատակներից մեկը եղել է Հայոց ցեղասպանության ժխտողականությանը դիմակայելը։ Միաժամանակ կոչ է արվել ՀՀ կառավարությանը վերանայել գիտական անկախությանը միջամտությունը և վերականգնել միջազգային ակադեմիական հանրության վստահությունը ինչպես ՀՑԹԻ-ի, այնպես էլ Հայաստանի հանձնառության նկատմամբ՝ ակադեմիական ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում։

Նշվել է, որ նամակի պատճեններն ուղարկվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտիին, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (IAGS)։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան է այցելել փետրվարի 9-ին, իսկ փետրվարի 10-ին տիկնոջ հետ եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ նրանց ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։

Վենսի այցից մի քանի օր անց Գզոյանը ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում։ Տարածվել են տեղեկություններ, թե այդ քայլը եղել է հարկադրական։ Հետագայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ իր ցուցումով է ներկայացվել հրաժարականը՝ պատճառաբանելով, որ փոխնախագահի այցի ընթացքում նրան նվիրած գիրքը վերաբերել է Արցախի հարցին, այն դեպքում, երբ վարչապետը հայտարարել է, որ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Նրա գնահատմամբ՝ Գզոյանի քայլը եղել է սադրիչ գործողություն։