Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում առկա է ջրի հետ կապված խնդիր, հետևաբար կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Եղվարդ համայնք այցի ընթացքում՝ քաղաքացիների հետ շփվելիս։
«Եղվարդի ջրամբարի խնդրի շուրջ մտածում ենք։ Նախապես նախագծվել էր, որ ջրի մի մասը պետք է մղվեր պոմպակայանով, բայց այժմ նախագիծն անիրագործելի է, որովհետև այդքան էլեկտրաէներգիա չկա։ Մտածում ենք այնպիսի նախագիծ իրականացնել, որպեսզի ջուրը գա և ջրամբարի մեջ լցվի ինքնահոս եղանակով։ Կարող է մասշտաբը փոխելու անհրաժեշտություն լինի։ Ծավալը փոքրացնենք և այդպես կառուցենք ջրամբարը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև նշել է, որ գրեթե բոլոր համայնքներում բնակիչները բարձրաձայնում են ջրի հարցը, մինչդեռ երկիրը հասել է այնպիսի զարգացման մակարդակի, որտեղ առանց ջրային պաշարների արդյունավետ կառավարման հետագա առաջընթաց հնարավոր չի լինի։
Եղվարդի ջրամբարի կառուցումը սկսվել է 1983 թ. և չի ավարտվել:
Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված էր 2021-2026 թթ․ Հայաստանում կառուցել 15 փոքր և միջին ջրամբար, սակայն, րևէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։





