Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Վանանդ կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը (ք․ Արմավիր)։
Տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում պարզվել է, որ արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները։
Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումն ու կառուցվածքը չեն ապահովել սննդամթերքի անվտանգ արտադրությունը՝ չկանխելով մասնիկների թափումը, կոնդենսատի և բորբոսի առաջացումը, ինչպես նաև չեն ապահովել պահպանման պատշաճ պայմաններ։
Սննդի պատրաստման հատվածներում հատակները չեն պահպանվել նորոգ վիճակում, իսկ պատերը չեն եղել պատրաստված անջրանցիկ և ախտահանվող նյութերից։ Առաստաղների վիճակը ևս չի համապատասխանել պահանջներին՝ չկանխելով մասնիկների թափումը և խոնավության կուտակումը։
Արձանագրվել է նաև, որ արտադրամասից դեպի պանրի աղաջրային հատված տանող դուռը պատրաստված չի եղել համապատասխան նյութերից, իսկ կառույցում բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խախտումները վերացնելու և արտադրամասը իրավական պահանջներին համապատասխանեցնելու համար։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։





