AM
13 Ապրիլ 2026 - 13:08 AMT

«Ագարակ» անցակետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը

«Ագարակ» անցակետում մաքսային հսկողության արդյունքում բացահայտվել է ծխախոտի ապօրինի ներմուծման փորձ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Օրեր առաջ Իրանից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար ավտոմեքենան ենթարկվել է մաքսային զննության։ Ռենտգեն սարքի միջոցով ստացված պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում կարող է լինել ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ։

Մաքսային ծառայողները զննության ընթացքում տարբեր թաքստոցներից՝ վարորդի գլխավերևի դարակներից, կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված աջ և ձախ պահոցներից, ինչպես նաև բեռնատարում գտնվող ներքնակից, հայտնաբերել են 18,520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք։

Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված արտադրանքը առգրավվել է։ ՀՀ քաղաքացի Է.Վ.-ի նկատմամբ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն։

Դեպքի հետագա ընթացքն ապահովելու նպատակով նյութերը փոխանցվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին խուսափել նման ապօրինի գործողություններից և պահպանել մաքսային կանոնները։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։