AM
13 Ապրիլ 2026 - 14:05 AMT

ՀՀ-ն ու Կատարը նախատեսում են խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում

ՀՀ-ն ու Կատարը նախատեսում են խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում: Այդ մասին ասվել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինիի հանդիպմանը:

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Կատարի միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, որը ամրագրված է ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Վահե Հովհաննիսյանը և Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագրի նշանակությունը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել գործարար կապերի ակտիվացման համար։

Ներկայումս նախատեսվում է ապահովել գիտելիքի և փորձի փոխանակում էներգետիկայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և թվային տրանսֆորմացիայի ուղղություններով։